«Կեթաս, մարդուդ տենց կասես»․ Երևանի ավագանիում կրքերը թեժանում են
Երեւանի քաղաքապետարանն այսօր ավագանու նիստի ընթացքում որոշում կայացրեց բնակարաններ տրամադրել ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին։
Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում:
Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց՝ Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է:
Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու դեպքում ևս «Երկիր ծիրանի» խմբակցության խմբակցությունը նույնատիպ փաստարկ ներկայացրեց․ «Կոռուպցիոն ռիսկ կա, այս անձը իշխանության արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից մեդալ է ստացել»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը:
Սոնա Աղեկյանն իր հերթին շեշտեց՝ հարկավոր է հիշել կալանավայրում գտնվող ազատամարտիկներին՝ Սամվել Բաբայանին, Ժիրայար Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին. ապա դիմեց Երևանի ավագանու անդամներին․ «Սթափվե՛ք, Երեւանի ավագանու անդամներ»:
«Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանն անմիջապես արձագանքեց Սոնա Աղեկյանի կոչին։
«Կեթաս, մարդուդ տենց կասես»,- ասաց Հովհաննես Ավանեսյանը: Ընդգծենք՝ ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշումներն էլ ընդունվեցին, դեմ քվեարկեց միայն «Երկիր Ծիրանին»: