Իշխանություններն աճպարարության են դիմում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց՝ Դատական օրենսգրքը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, Վենետիկի հանձնաժողովի ուղարկված տարբերակը չէ:
«ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է: Մի կողմից զարմացած չեմ, մյուս կողմից էլ սա ցույց է տալիս, որ իշխանություններն այնքան վստահ չեն իրենց նախագծի վրա, որ սկսում են նաև այդ մակարդակում այսպիսի աճպարարությամբ զբաղվել», – ասաց Արթուր Սաքունցը:
«Մյուս տարվանից այսպես կոչված դատաիրավական բարեփոխումների շրջանում ունենում ենք ձևի փոփոխություն, իսկ բովանդակությունը նույնն է մնում: Հիմա ոչ թե նախագահից է լինելու կախված դատաիրավական համակարգը, այլ կախված է լինելու կուսակցությունից՝ գլխավոր քարտուղարից, այսինքն՝ նախագահից: Ստացվում է, որ ունենում ենք նույն իրավիճակը: Փաստորեն, Դատական օրենսգիրքը դառնում է արդեն ինչ-որ իմաստով երկրորդական», – նշեց բանախոսը: