«Սասնա ծռեր»-ը նեղանում են. դատավորը հանուն տղաների
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստին բացակայում են Հովհաննես Վարդանյանի և Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը և Անուշ Մխիթարյանը, որոնք արձակուրդում են: Հանրային պաշտպանի գրասենյակից նոր պաշտպաններ են ներգրավել գործում:
Պաշտպան Մերի Ալավերդյանը դատավորին խնդրեց դատը հետաձգել երկու ամսով, որպիսի ինքը հնարավորություն ունենա ծանոթանալ 46 հատոր գործին:
«Ոչ թե 46, այլ 120 հատոր է գործը, հետևաբար հինգ ամիս տա՞նք Ձեզ: Տղաները նեղանում են, անընդհատ որ էտքան ժամանակ տանք՝ բոլորս կգնանք թոշակի»,-նկատեց Արտուշ Գաբրիելյանը:
Դատավորը երեսուն րոպե ժամանակ տվեց պաշտպաններին իրենց պաշտպանյալների հետ ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: