Զանգվածային թունավորում Էրդողանի անվան համալսարանում
Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբեր 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ:
Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել են հիվանդանոցներ:
Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել է սննդային թունավորում: Բայց և տեղեկացրել է, որ ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:
Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան նշյալ համալսարանը նախկինում կոչվում էր Ռիզեի համալսարան: