Ոստիկանության ջիպերն իր համար է. Առավոտ
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը նշանակված էր սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին: Սակայն հերթական անգամ նիստը ուշացումով սկսվեց, քանի որ հերթական անգամ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ամբաստանյալ 3 զինծառայողներին Իջեւան տեղափոխող ոստիկանական մեքենան դատական նիստի սկզբին դեռ ճանապարհին էր: Այս մասին գրում է “Առավոտ”-ը:
Նիստը հետաձգվեց մեկ ժամով: Ժամը 16-ին, երբ նիստը սկսվեց, դատավոր Սամվել Մարդանյանը ամբաստանյալներին ուղեկցող ոստիկաններին հարցրեց, թե ի՞նչն է նրանց ուշացման պատճառը: Ոստիկաններից մեկն ասաց, որ իրենց մեքենան տեխնիկապես անսարք է, ճանապարհի վերելքների ժամանակ տաքանում է:
Դատավորը ոստիկաններին հանդիմանեց` ասելով, որ պետք է շուտ ճանապարհ դուրս գալ, եւ հավելեց. “Սա լինի վերջին դեպքը, եւ դուք զեկուցեք վարչության պետին, որ գործով գնում եք. որ շատ գնաք, որ ժամը 8-9-ին լինեք Երեւանում”:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին առաջարկեց այդ առթիվ միջնորդություն ուղարկել: Դատավորն ասաց, որ ինքն արդեն խոսել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի հետ, որպեսզի նա այդ գործը վերցնի իր հսկողության տակ:
Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց. “Ոստիկանությունն անի տասնյակ ջիպեր, բայց կալանավորներին տեղափոխելու նորմալ մեքենա չունի”: Դատավորն ասաց, որ այն հարցերը, որ իրենց լուծելու խնդիրներ չեն, չպետք է դատարանում քննարկվեն: