«Մենք այն ժողովուրդներից ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն է եղել»
ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա ընդգծեց՝ այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայում է այն մասին, որ մեր հասարակության մեջ կան լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց են և աղավաղված պատկերացում ունեն մեր ազգային ավանդական ընտանիքի վերաբերյալ: «Մենք այն ժողովուրդներից ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն է եղել, բայց ցավոք, պետականության բացակայությունը, միջավայրի պարտադրված ազդեցությունը աղավաղել է մեր բուն մտածողությունը: Ցավում եմ, որ մենք ունենք այս վիճակը` խոսքը պսեվդոազգային, պսեվդոավանդական պատկերացումների մասին է: Հայկական ընտանիքը փոխադարձ վստահության վրա հիմնված` առանց բռնությունների ընտանիքն է և ընտանեկան բռնության կանխարգելումը կամ դրա փորձը բխում է մրեր ազգային հայկական մտածողությունից »,- ասաց Վարդանյանը :
Վարդանյանը նշեց, որ այնուամենայնիվ, ընտանեկան բռնության վերաբերյալ առկա գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության պատճառ են դարձել:
«Լրամշակված նախագծում շատ հասկացություններ ու դրույթներ հստակեցվել են, հատկանշական է, որ երեխայի շահերի առաջնահերթւոթյունը և ընտանիքի` որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցությունը սահմանված են որպես նախագծի սկզբունքներ»,- նշեց պատգամավորը: