«Այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, ցանկը տվեք՝ որն է ավանդական ընտանիքը»
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեց տրամադրել ցանկ, որից պարզ կլինի, թե այդքան արծարծվող ընտանեկան ավանադական արժեքներ ասելով ինչ նատի ունեն: «Այս ընթաքցում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձևակերպում տվեց և ստացվում է, որ ընտանիքը որտեղ տատիկն ու թոռնիկն է, կամ երկու քույր են՝ դրանք ընտանիք չեն: Այդքան ավանդականը, որ արծարծում եք, ցանկը տվեք, տենանք՝ ձեր ասածի հետ համաձայն ենք, թե ոչ»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ այդ եզրույթը օրինագծում կիրառվել է այն հատվածում, որտեղ խոսքը գնում է ընդհանուր կարգավորման գաղափարախոսության մասին և ամրագրված սկզբունքային մոտեցման մասին: Փաշինյանն արձագանքեց, թե խոսքը ոչ թե բուն օրենքի տեքստին էր վերաբերվում, այլ այս օրենքի քննարկման կոնտեքստում հնչած արժեքներին, ավանդույթներին: «Ուզում եմ՝ ցանկ տաք, հասկանանք: Կոնտեքստից հասկանում եմ, որ ավանդական արժեք ասելով այնպիսի աբուսրդ բաներ են նկատի ունենում, որ ես օրինակ պատրաստ չեմ ընդունել որպես ազգային ավանդական արժեք, շատ դեպքերում դա աղբ է, որ պետք է նետել աղբանոց»,-ասաց նա: Քոչարյանը նշեց, որ տեղի է ունեցել հանրային լայն քննարկում, և կարծիքիների շրջանակն էլ լայն է եղել: