Եղնուկյանի վիճակը վատ է. դատը շարունակվում է
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Գործով ամբաստանյալ Կարող Եղնուկյանը դատարան չի բերվել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը վատ է, արյան ճնշումը կրկին բարձր է և այդ պատճառով Եղնուկյանը չի կարող մասնակցել դատական նիստին:
Եղնուկյանը փոխանցել է, որ նիստը կարող են շարունակել առանց իր ներկայության: Փաստաբանները չառարկեցին:
Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների առաջադրման փուլում:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: