Ինչո՞ւ չի նկարահանվում սերիալներից հայտնի դերասանը. անկեղծության րոպեներ Արմեն Թովմասյանի հետ
Դերասան դառնալը երազանք չէր, ոչ էլ նպատակ: Արմեն Թովմասյանը պարզապես վստահում էր իր ներզգացողությանը: Իրեն զգում էր հանգիստ ու ինքնավստահ: Աշխարհը, որում ապրում էր` իրենն էր…
«Դպրոցում գերազանց էի սովորում: Հետո կյանքը փոխվեց, շրջապատ և այլն…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հուշերով կիսվեց դերասանը:
Հեռուստադիտողը դերասանին ճանաչեց ու սիրեց «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող «Վերվարածները »(Ժորժ) և «Բանակում»(Ռազմական կապիտան) սերիալներում կերտած նրա հերոսների շնորհիվ:
Պատանեկության տարիներին հաճախ էր ֆիլմեր դիտում: Ասում է` երազում էր նմանվել իր սիրած հերոսներին` ազնիվ, ուժեղ ու լավատես:
Դպրոցն ավարտելուց հետո դիմեց Թատերական և կինոարվեստի ինստիտուտ` դերասանական բաժին:
«Ղեկավարը Ալեքսանդր Քոչարյանն էր , հինալի վարպետ և մանկավարժ: Ավարտեցի ու իմ համակուրսեցիների մեծ մասը հիմա հայտնի դերասանն են: Ես իմ համակուրսեցիների հետ միասին ընտրվեցի և անցա այլընտրանքային ծառայության` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում ծառայելով երկու տարի»,-ժպտում է դերասանը:
Արմեն Թովմասյանը բեմի մասին խոսելիս մի պահ մտածում է և երկյուղածորեն հիշում իր մարմնավորած դերերի մասին:
Հիշում է.« Մեր թատրոնի դերասանները մինչ մեր այնտեղ ներգրավելը` տարիքով էին: Հետո այնքան բան արեցինք…նոր ներկայացումներ, նոր կերպարներ…»:
Արմեն Թովմասյանը 7-8 տարի նկարահանվեց «Վերվարածները» հեռուստասերիալում, որը առաջին նմանատիպ նախագիծն էր հայ իրականության մեջ:
Դերասանը գտնում է, որ դերասանը կայանում է թատրոնում:
«Ուղղակի ֆինանսական հարցերը բոլորիս են «սպանում»: Հաճախ մեր առաքելությունը և իրականությունը անհամեմատելի սահմանագծի առջև են կանգնում և արվեստը պարտվում է, որովհետև կյանքը դժվար ընկալելի ու անհասկանալի թատրոն է»,-ասու է դերասանը:
Արմեն Թովմասյանը արդեն մի քանի տարի չի նկարահանվում ֆիլմերում և նոր դերեր չի կերտում թատրոնում,«5-6 տարի արդեն չեմ նկարահանվում: Կյանքն ու ապրելու արվեստն ինձ «վնասեցին»: Ափսոսում եմ, որ չկարողացա լիարժեք ապրել իմ` թատրոնի աշխարհում: Ուզում եմ վերադառնալ, բայց…»,-տխրեց Արմեն Թովմասյանը:
Նա հավատում է ու վստահ է, որ հանդիսատեսը իրեն չի մոռացել:
Արմեն Թովմասյանը ասելիք ունի ու պատրաստ է առաջ նայել և իր ջանքերի շնորհիվ կրկին նվաճել իր հանդիսատեսի սերը:
Դերասնը նաև սիրած զարդեր ունի,որոնք վկայում են` Արմենը չի կարող ապրել առանց թատրոնի: