Ուսանողների պահանջն օրենքը փոխելը չէր. Պաշտպանության փոխնախարար
«Ուսանողների պահանջն օրենքը փոխելը չէր: Դրանք կառավարության որոշումներն են, հետևաբար իշխանություններն արել են այն, ինչ ասել են», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով հարցին, որ օրերս Սերժ Սարգսյանը ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ դա չի նշանակում՝ իրենք չեն աշխատում ուսանողների հետ ու հաշվի չեն առնում նրանց կարծիքները:
Անդրադառնալով ուսանողների այն առաջարկին, որ կարելի է բանակը բերել բուհ ու 4 տարվա բակալավրի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել` Արտակ Զաքարյանը նշեց, որ դա արդյունավետ չի լինի ո՛չ ծառայության, ո՛չ էլ կրթության տեսակետից:
«Սա հնարավոր չէ իրականացնել, քանի որ սա խիստ վնաս կհասցնի կրթությանն ու երկրի պաշտպանությանը: Գուցե ուսանողներն այս առարկությունը չընդունեցին, բայց շատ ու շատ խնդիրներով համաձայնության գալ ստացվեց», – նշեց փոխնախարարը:
Արտակ Զաքարյանը նաև նկատեց, որ ըստ էության, «Պատիվ ունեմ» ծրագիրը հենց տարկետման իրավունք է: