28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը հակասահմանադրական է համարում ՊԵԿ-ի լիազորությունը

Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ սեփականության վրա դրվում է կալանք ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից։

Պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին։ Օրենքի 30.2 հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է:

Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Այսինքն` Սահմանադրության համապատասխան դրույթը նախատեսում է, որ անձին “զրկել” սեփականությունից հնարավոր է միայն դատական կարգով, այն էլ օրենքով նախատեսված դեպքերում:

“Սեփականությունից զրկել” դրույթը իր մեջ ներառում է նաև անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն՝ առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով:

Պահպանելով օրենքի գերակայությունը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։

 


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ