ՀԱՊԿ երկրների ղեկավարների կոչը՝ կապված ԼՂ հիմնահարցի հետ
Նախօրեին Մինսկում անցկացվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներս, հայտարարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին մեր աջակցության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, միաջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունը հակամարտող կողմերին աջակցելն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Համանախագահող 3 երկրների ջանքերի շնորհիվ խնդրի կարգավորման նպատակով մշակվել է սկզբունքների եւ բաղադրիչների ամբողջականությունը որպես հիմք, որոնք արտացոլված են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության մեջ:
Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի եւ իրավունքի, ՄԱԿ Կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Հանդես ենք գալիս 2016-2017 թվականներին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման օգտին, որոնք ուղղված են իրավիճակի թեժացման անթույլատրելիությանը, հրադադարին հետեւելուն, հակամարտության գոտում լարվածության թուլացման լրացուցիչ միջոցառումների ընդունմանը եւ բանակցային գործընթացի ինտենսիվացմանը»։