Եթե ԼՂ հարցում Թուրքիան չեզոք դիրք պահպաներ, հայ-թուրքական հարաբերություննեըը շատ առաջ գնացած կլինեին. թուրք իրավապաշտպան
Սեւծովյան տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեղած հարաբերությունները կարգավորորղ միակ կառույցն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն:
“Հենց դրա շնորհիվ է, որ ես կարողանում եմ գալ Հայաստան, այսօր այստեղ եմ”,- ասաց նա:
Անդադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի`Հայաստան գալուն` Ռ. Զառաքոլուն ասաց, որ ինքն ամեն դեպքում ողջունում է արտգործնախարարի գալուստը Հայաստան:
“Պետք է նրանից հարցնեք, թե ինչ եղան արձանագրությունները, որոնք հենց իրենք նախաձեռնեցին եւ իրենք էլ հեչ արին”,- ասաց նա:
Հայ-թուրքական հարաբերություններից խոսելով` բանախոսն ասաց, որ ի սկզբանե Հայաստանը ազնիվ կեցվածք դրսեւորեց` ասելով` “առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ սկսենք”:
“Թուրքիան կարծեց, թե Հայաստանը թույլ դիրքերում է եւ դրա համար է այդպիսի բան ասում ու սկսեց հակառակ կողմով տանել հարաբերությունները: Եթե ԼՂ հարցում Թուրքիան չեզոք դիրք պահպաներ, շատ առաջ գնացած կլինեին հայ-թուրքական հարաբերություննեըը”,- ասաց նա:
Ռագըպ Զառաքոլուն հայտարարեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի մեջ պետական հարաբերություն չի կարող լինել, եթե անտեսվի Ցեղասպանությունը:
“Թուրքիան եթե մեծ պետություն դառնալու հավակնություններ ունի, ապա 2015-ին շատ մեծ քայլ պետք է անի Ցեղասպանության հարցում: Այս շանսը ձեռքից բաց չպետք է թողնի”,- ասաց նա: