՛՛Նոր Քիսինջերը՛՛ կտապալվի
Վաղը` դեկտեմբերի 12-ին, Երեւանում տեղի կունենա “Սեւծովյան տնտեսական համագործակցություն” կազմակերպության նիստը, որի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հայ քաղաքագետներից շատերը գտնում են, որ այս այցն ընդամենը թուրքական հմուտ դիվանագետի նախապատրաստած շոուն է, որին պետք չէ կարեւորություն տալ, քանի որ այն ՛՛ռեալ պօլիտից՛՛-ի առումով ՛՛0՛՛-ական արդյունք կունենա: Կարճ ասած՝ որքան էլ ամերիկացիները Ահմեդ Դավութօղլուին հռչակեն ՛՛Նոր Քիսինջեր՛՛, թուրքական դիվանագիտության ՛՛բստրած՛՛ հնարքները հնացած են եւ ոչ արդյունավետ:
Մինչդեռ թուրքական կողմն ամեն կերպ փորձում է խաղարկել շոուի մեկնարկը՝ լրատվական աղբյուրներով: Թուրքական “Աքշամ” պարբերականը գրել է, որ Անկարան արտգործնախարար Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել եւ հրաժարվել շրջակա յոթ շրջաններից գոնե երկուսից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը:
Սակայն henaran.am-ի դիվանագիտական աղբյուրը փոխանցում է, որ Դավութօղլուի այցի շրջանակներում որեւէ հայտարարություն կամ առաջարկ չի արվի` կապված-հայ թուրքական հարաբերությունների բարելավման կամ գործընթացում որեւէ փոփոխության հետ: Ըստ նրա` այս այցը Թուրքիայի արտգործնախարարի կողմից Ցեղասպանության 100-ամյակից առաջ ցուցադրական բնույթ կկրի:
Հիշեցնենք, 2009-ին հայ-թուրքական արձանագրություններ ստորագրվեցին, երկկողմ այցելություններ եղան այսպես կոչված “ֆուտբոլային դիվանագիության” շրջանակներում, որը նախապես հայտարարվածի համաձայն՝ առանց նախապայմանների էր, սակայն Անկարան հրաժարվեց արձանագրություններից՝ առաջ քաշելով ղարաբաղյան գործընթացի հետ կապված պայմաններ: Մինչ օրս արձանագրությունները առկախված են: