ԱՀԿն օրինակելի է գնահատում Հայաստանում ոլորտի բյուջետավորման մեթոդաբանությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Շվեյցարիայի Մոնտրոյում կազմակերպված հանդիպումը նվիրված էր առողջապահական համակարգի ֆինանսավորման, պլանավորման և բյուջետավորման հիմնախնդիրներին։ Ամենամյա այս հանդիպմանը Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Ավելին՝ ԱՀԿ-ի գնահատմամբ Հայաստանն առաջատար և օրինակելի է ֆինանսավորման ոլորտում իրականացված բարեփոխումների ուղղությամբ։
Բոլոր երկրների առողջապահության ոլորտի ֆինանսիստների հանդիպման կազմակեպման հիմնական նպատակն այն էր, որպեսզի ԱՀԿն, որպես ոլորտում իրականացվող բարեփոխումները սատարող միջազգային կազմակերպություն, ի մի բերելով ամբողջ աշխարհի լավագույն փորձը, մշակի առողջապահության ֆինանսավորման ոլորտի օրինակելի ուղեցույցներ։
Ծրագրային բյուջետավորումը, որը ենթադրում է բյուջետավորման նոր կառուցվածք և մոտեցումներ, հնարավորություն է տալիս առողջապահության ֆինանսավորումը դարձնել թափանցիկ, հաշվետվողական և կանխատեսելի։ Այսինքն, բացի պետական բյուջետային հատկացումների ծախսային ուղղությունների և տնտեսագիտական դասակարգումների սահմանումից, ծրագրային բյուջետավորման դեպքում սահմանվում են նաև ոչ ֆինանսական, արդյունքային ցուցանիշները, որոնց օգնությամբ ակնհայտ է դառնում, թե ոլորտի բյուջեն ինչ ուղղություններով է ծախսվում, ինչ նպատակների է ծառայումև առողջապահական ինչ վերջնականարդյունքներ են ապահովվում։
ԱՀԿ-ի առաջարկով հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը երկու զեկույցով ներկայացրել է մեր երկրի փորձը, ի մի բերել դեռ 2013 թվականից մեկնարկած ծրագրային բյուջետավորմանն անցնելու ուղությամբ անցած ճանապարհը։ Այլ երկրների առողջապահության ոլորտի ֆինանսիստներին է ներկայացվել ներդրման փուլում գտնվող համակարգի կայացման նպատակով իրականացվող գործնական քայլերը, դրանց տված արդյունքները և ապագայում իրականացվելիք քայլերի տեսլականը։
Միաժամանակ, համագործակցություն է սկսվել Էստոնիայի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության հետ, որոնք ևս այս ուղղությամբ համարվում են առաջատար երկրներ, որպեսզի համատեղ քննարկվեն հատկապես բյուջեի կառուցվածքի, արդյունավետության գնահատման ցուցանիշների և պլանավորման կիրառական հարցերը։
Այս ամենի տրամաբանությունը և հիմնական գաղափարախոսությունը չափելիության և հասարակության տեսանկյունից ոլորտի թափանցիկության ու հաշվետվողականության ապահովումն է։