«Դա խտրականություն է»
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են։ Շարունակվում է նաև ուսանողների նախաձեռնած բողոքի ակցիան ու դասադուլը։ Օրենքի նախագծով սահմանված է, որ Գևորգյան ճեմարանում սովորողներն ուսումն ավարտելուց հետո անմիջապես գնում են բանակ՝ հոգևոր սպասավորության։ Ստացվում է՝ ճեմարանում սովորողները տարկետումից օգտվելու են, մյուս բուհերի ուսանողները՝ ոչ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։
«Ի՞նչ տարբերություն, դա ճեմարա՞նն է, թե՞ Շիրակի պետական համալսարանը։ Եթե ուսանողների միջև հավասարություն կա, ապա տարկետման իրավունքից պետք է օգտվեն բոլորը։ Ի տարբերություն ճեմարանի, որտեղ ընդունված ուսանողները տղաներ են՝ հայաստանյան մյուս բուհերում պետպատվերով ընդունվողների մեջ հո բոլորը տղաներ չե՞ն։ Ասենք՝ 4 տեղից մեկը կարող է տղա լինել։ Եվ, իրոք, ինչո՞ւ նրանք պիտի իրավունք չունենան օգտվել տարկետման իրավունքից։ Դա խտրականություն է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։