«Խնդրում և պահանջում ենք անդրադառնալ կործանվող ԲՈՒՀ-ի շուրջ ստեղծված խնդրին»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԿՈՉ
ՀՀ Ազգային ժողովի “Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով”-ի նախագահ Վարդան Բոստանջյանին
Մեծարգո պարոն Բոստանջյան,
Երբ սեպտեմբերի 25-ին ռեկտոր Մինասյանի կողմից Շիրակի պետական համալսարանն ավերելու վերաբերյալ բաց նամակ ուղղեցինք ՀՀ նախագահին և վարչապետին, խորապես համոզված էինք, որ հինգ անգամ ՀՀ ԿԳ նախարար նշանակված Լևոն Մկրտչյանին դիմելն անիմաստ էր: Սեպտեմբերի 27-ին ես և Հովհաննես Խորիկյանը ՇՊՀ-ում հանդիպեցինք նախարարին: Վերջինս դժգոհեց, որ անմիջականորեն ՀՀ նախագահին և վարչապետին դիմելը շանտաժ է իր նկատմամբ: Մենք բացահայտ նախարարին ասացինք, որ նրան չենք վստահում, քանի որ ռեկտորը նրան համարում է իր մտերիմ ընկերը և հայտարարում, որ նախարարությունում ոչ մի խնդիր չունի,քանի որ “Լյովը”,այսինքն ԿԳ նախարարը,իր մտերիմն է:
Նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը միտումնավոր ԲՈՒՀ-ի հետ կապված ապօրինությունները փորձում է թվագրել նախկին ռեկտորի պաշտոնավարման շրջանից: Հենց սրա համար էլ նախարարին չէինք վստահում, որովհետև նախարարը և Մինասյանը կապված են տարիների սերտ հարաբերություններով: Մենք մտածում ենք նաև, որ նախարարը բավարար չի տիրապետում ԲՈՒՀ-ական ոլորտին կամ էլ կաշկանդված է վերոնշյալ ռեկտորի քաղաքական կարգավիճակով:
Պարոն Բոստանջյան, Ձեր հանձնաժողովը տարօրինակ լռություն է պահպանում ՇՊՀ-ում տեղի ունեցող խայտառակ վիճակի վերաբերյալ, և հիմա, երբ նախարարի նկատմամբ բացարձակ ոչ մի վստահություն չունենք, խնդրում և պահանջում ենք Ձեր իրավասությունների սահմաններում անդրադառնալ կործանվող ԲՈՒՀ-ի շուրջ ստեղծված խնդրին»։