Թուրքիան զգուշացրել է Հունաստանին և Եգիպտոսին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հռոդոս կղզում Հունաստանի և Եգիպտոսի զինված ուժերի համատեղ մասնակցությամբ ընթացող զորավարժությունները (հոկտեմբերի 30-նոյեմբերի 4):
Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ ըստ 1947թ. Փարիզի հաշտության պայմանագրերի՝ Իտալիայի կողմից Հունաստանին հանձնված Հռոդոս կղզում արգելված է ցանկացած տեսակի զորավարժություններ անցկացնելը:
Նշվել է, որ այդ նպատակով պաշտոնական Անկարան իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում Հունաստանի դեսպանությանը և Հունաստանին կոչ արել խուսափել «միջազգային օրենքները խախտելուց և թշնամական գործողություններ իրականացնելուց»:
Արտգործնախարարությունը նաև կոչ է արել երրորդ կողմին (Եգիպտոսին) խուսափել նման անօրինական գործողություններին մասնակից լինելուց:
Հիշեցնենք, որ 1947թ. Փարիզի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Երկրորդ համաշխհարային պատերազմում հաղթած պետությունների և ֆաշիստական Գերմանիայի և եվրոպական նախկին դաշնակիցների (Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ֆինլանդիա ) միջև։