Թուրքիան Բաքվին չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք մտավորականներին
Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականներին: Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը:
Ադրբեջանի «Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ նշելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին:
Սուլեյմանովը նշել է, որ Ադրբեջանում մեծ հիասթափություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիան չի արտահանձնում սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղ այցելած քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասին, գրող Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջրօղլուին:
«Ադրբեջանի այսօրվա օրակարգում այն հարցն է, թե ինչու Թուրքիան, որին եղբայր ենք համարում, դեռ մինչև օրս չի արտահանձնել իր 4 քաղաքացիներին»,- գրել Սուլեյմանովը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել վերոնշյալ 4 թուրք մտավորականների դեմ և Թուրքիայից պահանջել է արտահանձնել այդ անձանց:
«Ավաղ: Ադրբեջանը այս հարցում շատ վիրավորված է: Ամենամտերիմ ընկեր ու եղբայր Թուրքիայից անհապաղ արտահանձնում էր ակնկալվում: Բայց Անկարան, չգիտես ինչու, շատ սառն է վերաբերում դեպքին: Ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից վերջին շրջանում ամենից հաճախ օգտագործվող արտահայտությունը «Թուրքիայից նման բան չէինք սպասում» արտահայտությունն է», – գրել է ադրբեջանցի գործիչը:
Սուլեյմանով հիշեցրել է, որ Ադրբեջանը սպասում է թուրք գործիչների արտահանձնմանը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև այս խնդիրը շուտափույթ հանգուցալուծում կստանա: