ՌԴ-ն ու ՀՀ-ն աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի նախագծերի ճանապարհային քարտեզի վրա
Մոսկվան ու Երևանը մշակում են համատեղ ներդրումային հիմնադրամի շրջանակում նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզ։ Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ միջոցները կարող են ուղղվել այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորմանը:
Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Դրա գործունեությունն ուղղված է լինելու ճյուղերի ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկրների միջև ապրանքաշրջանառության աճ, արդյունաբերական համագործակցության զարգացում:
Նախագահը հավելել է, որ ինչ վերաբերում է ռուս-հայկական հիմնադրամին, ապա աշխատանքը շարունակվում է:
«Վերջերս հիմնադրամի ներկայացուցիչները ժամանել էին Հայաստան: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դա ՏՏ-ն է, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրանքը… Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի մշակման վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը: