«Եվրասիական բռնապետական երկրներն ուզում են, որ մենք էլ նմանվենք իրենց»
Արցախի ԱԺ-ում իր ելույթում նշել է «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն օրերս Արցախի ԱԺ-ի ամբիոնից հնչեցրեց մի ելույթ, որը հայտնվեց լրատվամիջոցների քննարկման առանցքում։
Խանումյանը, մասնավորապես նշել էր ․ «Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, քաղաքական համակարգի ոչնչացմամբ եւ շարունակվում է սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունմամբ»։
Անդրադառնալով Խանումյանի այս հայտարարությանը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Պետք է ասել՝ ՀՀ-ն ու ԱՀ-ն բավականին երկար ժամանակ է, ինչ ինքնուրույն չեն որոշում իրենց ներքին կյանքի որակը, այնպես որ, քանի որ մենք ՌԴ-ի հետ սերտորեն կապված ենք ու այդ երկիրը մեզ ներքաշել է Եվրասիական միության մեջ, իսկ այդ միությունում դեմոկրատիա չկա։ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը դեմոկրատական երկրներ չեն։ Ես հպարտությամբ ակորղ եմ ասել, որ նրանց համեմատ՝ մեզ մոտ ավելի գերակշիռ են ժողովրդավարական արժեքները։ Մտահոգություն, անշուշտ կա, որ այդ տոտալիտար ճնշումը, ունիֆիկացիայի՝ նույնականացման ձգտումը կազդի ՀՀ-ի ու Արցախի վրա։ Եվրասիական բռնապետական երկրներն ուզում են, որ մենք էլ նմանվենք իրենց»։
Ազատ Արշակյանը շեշտեց՝ անշուշտ, վերոնշյալ գործոնները բացասաբար են ազդում ՀՀ-ի ու ԱՀ-ի վրա։
«Նրանք ուզում են մեզ ստիպել, որ ավելի պակաս դեմոկրատ լիենք, որ մեր երկրում օր օրի պակասեն ազատությունները և ինքնիշխանությունը։ Կարճ ասած՝ այսպիսի բացասական բաներ կան, բայց ես համաձայն չեմ, որ դա անդունդ է․ ես ավելի լավատես եմ։ Կարծում եմ՝ այդ իմպերիայի բռնապետության ռեսուրսները պակասում են․ տարրական բաներում անգամ դա զգացվում է։ Իմպերիան պահելու համար պետք է վճարել, իսկ այդ իմպերիան հիմա անվճարունակ է։ Ուրեմն, եթե չկարողանան իմպերիայի համար վճարել, այն կփլուզվի, իսկ մենք անդունդը չենք ընկնի», – եզրափակեց Ազատ Արշակյանը։