Կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածությունը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով: ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է Դատական նոր օրենսգիրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաև Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին: «Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր: Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,-նշել է նախարարը:
Վարչապետն ավելացրել է, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը համահունչ կլինի ներկայումս մշակվող թվային օրակարգի ռազմավարության տրամաբանությանը:
Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը
Հավանությանն է արժանացել նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները: Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կստեղծի հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը: Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման և այլ հարցեր: Բացի այդ, նախագծով հստակ սահմանվել են հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Նախագծով ամրագրվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:
Կառավարությունը առաջարկություններ է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: