Արցախցիները լուրջ չեն վերաբերում բանակցային գործընթացներին. արցախցի քաղաքագետ
Ինչպես հայտնել ենք, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, ով տեսազանգով միացել էր Ստեփանակերտից, նշեց՝ Ժնևում կայացած հանդիպումը, ինչպես նաև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական կողմի հերթական պարտությունն է:
Բանախոսը շեշտեց՝ ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ համանախագահները, առաջին հերթին ԱՄՆ-ն, Ադրբեջանին պարտադրել էին հետաքննական մեխանիզմներ ներդնել. դրանք թույլ կտային մեղմացնել, հեշտացնել էսկալյացիայի վերահսկումը հակամարտության գոտում:
«Հայկական կողմը հայտարարել էր, որ մինչև Ադրբեջանը չհամաձայնվի իրականացնել իր վրա ստանձնած պարտավորությունները, բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենալու:
Ինչպես տեսանք, բանակցություններ տեղի ունեցան, ավելին՝ այդ բանակցությունների արդյունքում ընդունվել է մի հայտարարություն, որի մեջ որևէ խոսք չկա ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ-Պետերբուրգի մասին: Իսկ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները հնարավորություն էին տալիս հայկական կողմին պահպանել ստատուս քվոն, նաև կառուցողական դիրքորոշում ունեցող կողմի իմիջը»,- ասաց քաղաքագետը:
Քաղաքագետն իր խոսքում շեշտեց՝ արցախցիները լուրջ չեն վերաբերվում տեղի ունեցողին, ավելին՝ բանակցային գործընթացն ընկալվում է որպես ինչ-որ երկրորդական, կեղծ իրականություն:
Քաղաքագետը շեշտեց՝ պետք է փորձել զարգացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը, բանակը, կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, իսկ դա, ըստ քաղաքագետի, այսօր չի արվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: