Ե՞րբ է ԱԺ նախագահն սկսելու պատժել «չարաճճի» պատգամավորներին
«Ազգային ժողովը մի հարթակ է, որտեղ քննարկվում են տարբեր կարևոր հարցեր, դրանք կարող են լինել և խաղաղ պայմաններում, և մի փոքր կարող են վրդովվել, բայց ես դեմ եմ, որ լինի որևէ բռնություն»,-այսօր մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով վերջերս պատգամավորներ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպից: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ խմբակցություններից մեկը՝ «Ելքը» դիմել է, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով, որն էլ կքննարկի այդ հարցը: «Թույլ տվեք, որ հարցը գնա իրավական ճանապարհով, թող ստեղծվի և տրվի համապատասխան գնահատական»,-հավելեց նա:
Henaran.am-ի հարցին, թե ինքը կողմ է, որ հանձնաժողովում քննարկվի այդ հարցը, նա արձագանքեց. «Դա իրավունքն է այն մարդկանց, ովքեր գտնում են, որ պատգամավորները պետք է դիմեն՝ քննարկելու այս հարցը»:
Հարցին, թե ինքը մի անգամ հայտարարել էր, որ կարող է չարաճճիների հարցերն այսպես ասած լուծել, քանի որ մանկաբուժ է, երբ է իր լիազորություններն օգտագործելու, նա պատասխանեց. «Դա չի կարող լինել մեկ մարդու հմտություն, բոլորս պետք է կարողանանք աշխատել»:
Մեր մյուս հարցին, թե զրուցել է արդյոք իր խմբակցության ներկայացուցչի՝ Արտաշես Գեղամյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել, ով է մեղավորը եղել, Արա Բաբլոյանն ասաց. «Ես երկու կողմերի հետ էլ խոսել եմ, բայց իրականությունը պետք է գնահատի էթիկայի հանձնաժողովը»:
Հիշեցնենք, որ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանը նիստերի դահլիճին հարակից միջանցքում հարձակվել է իր վրա բռունցքներով դահլիճում տեղի ունեցած բանավեճից հետո:
Տեսանյութը՝ քիչ անց: