«Ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են». Սամվել Բաբայանի գործով դատ/տեսանյութ/
Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով փողերի լվացման մասով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները:
Նշենք, որ ըստ մեղադրանքի Դավիթ Հարությունյանը օգնել է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեևան տեղափոխելու հարցում:
Նախաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանը պատմել է, որ ինքը Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել, բայց իմացել է, որ Կարեն Քոչարյանը նրա հետ շփում ունի:
«Կարեն Քոչարյանն ինձ ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են: Ես Կարենին ասել եմ, որ կարող են տանել հանձնել բանկին, բայց Կարենն ինձ չի պատասխանել: Ես 5 հազար եվրոյանոց թղթադրամների թանաքոտված լինելու մասին ավտոբուսի վարորդներին չեմ հայտնել»,-նշել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: