Լեւոն Մկրտչյանը մեկնեց Բրյուսել
Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով հոկտեմբերի 9-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Բրյուսել: Հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում ծրագրերի իրականացումը։
Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը:
Հորիզոն-2020 ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն: