Սամվել Բաբայանի անունը չկա. «Իգլա»-ի գործ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց «Իգլա»-ի գործով դատաքննությունը:
Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այսօրվա դատական նիստին քննվելու են փողերի լվացման գործով ամբաստանյալները:
Ամբաստանյալ ժորա Զաքարյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Ժորա Զաքարյանը իր ցուցմունքում նշել է, որ իր համագյուղացի Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ինքը աշխատել է Բուժականի դպրոցում տվել է իրեն 20 եվրոյանոց թղթադրամ և հարցրել, թե հնարավոր է դա մաքրել:
«Ես թղթադրամը մաքրեցի եղունգների մաքրման հեղուկով: Հետո Անդրանիկը մեկ անգամ էլ ինձ տվեց 20 և 50 եվրոյանոց թղթադրամներ, որը նրա խոսքով՝ եղբայրը՝ Կարենն էր իրեն տվել:Ես ասել եմ, որ կարող եմ մաքրել, նյութերը պետք է գնեի Մալաթիայի տոնավավաճառից, մարտկոց վաճառողների մոտից: Մաքրման նյութերը գնելու համար Անդրանիկից վերցրել եմ 20 հազար դրամ: Երբեք չեմ լսել, որ այդ թղթադրամների հետ կապ ունենա Սամվել Բաբայանը»:
Անդրանիկ Քոչարյանը նույնպես խնդրեց հաշվի առնել իր նախաքննական ցուցմունքները: Քոչարյանը իր ցուցմունքում նշում է, որ թղթադրամները իրեն տվել է եղբայրը՝ Կարենը, սակայն ինքը չի հետաքրքրվել թե եղբոր մոտ որտեղից են հայտնվել այդ թղթադրամները:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: