Վիրահայոց թեմի առաջնորդն անսխալական չէ
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված առաջարկը, հայտնել էր իր անհամաձայնությունը և իր դժգոհությունն արտահայտել հետևյալ տողերով.
«Ես, որպես հայ գրող և Հայ Գրողների միության նախագահը` գալիս եմ հայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարևոր խնդրում: Պ. Մ. Աբեղյանը մի առաջարկ է արել և դրել հրապարակ: Շատ լավ: Բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղից է իմացել, թե և պ. Մ. Աբեղյանը, և ինքը լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ, առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միմիայն դրանով գրել ու տպագրել» (1922 թ. մայիսի 17-ին Պ. Մակինցյանին գրած նամակից):
ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նկատմամբ մեծ է հարգանքս, այն ստիճան, որ 2015 թ. նրա ծննդյան 50-ամյակի առիթով գրված իմ մեկ շնորհավորական ուղերձում նրան համարել եմ Վիրահայոց թեմի երանելի առաջնորդներ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու, մեծանուն հայագետ Գարեգին Հովսեփյանի և այլ մեծերի արժանի ժառանգորդը:
Այդ ամենով հանդերձ, կապված Գումբուրդոյի միջնադարյան քաղկեդոնիկ եկեղեցու վրացական լինելու առթիվ Սրբազան Հոր վերջին հայտարարության հետ, պարտքս եմ համարում հանճարեղ Թումանյանի վերոնշյալ ոճով տեղեկացնելու հայրենակիցներիս, որ Սրբազան Հայրը ևս, ինչպես բոլորս, անսխալական չէ իր քայլերում և հայտարարություններում:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
պ.գ.թ., Վրաստանի հարցերով փորձագետ
08 հոկտեմբերի, 2017 թ.