Հումորով եմ վերաբերում. Բաղդասարյանը՝ Փաշինյանին
«Երեկ խմբակցության անունից մենք տարածել ենք մեր կարծիքը նման երևույթների նկատմամբ, բայց քանի որ հայտարարվել է, որ չի եղել, նորից համաձայնեցրեցի, որ նույնը կրկնեն այսօր և տարածեն»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան «Ելքի» մեղադրանքներին, թե ՀՀԿ-ից այդպես էլ ոչ մի քննադատական հայտարարություն չեղավ: Հիշեցնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել ու հարվածել է իրեն:
Բաղդասարյանն ընդգծեց՝ իրենք անընդունելի են համարում նման միջոցներով քաղաքական բանավեճերը հարթելը: «Մենք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի կողմնակից ենք և վիրավորանքները, հայհոյանքները, քաշքշուկներն ու ծեծկռտուքները քաղաքական մշակույթի մեջ բացառում ենք ու անընդունելի ենք համարում: Իսկ ինչ մնում է իրենց հայտարարությանը, բնականաբար, ինձ թվում է՝ ժամանակն ամեն ինչ հարթում է, և իրենք դեռ երկար ժամանակ պետք է աշխատեն միասին»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը հումորով է վերաբերում նրան, որ Նիկոլ Փաշինյանը հղում արեց Բաղդասարյանի՝ ոչ վաղ անցյալում արված հայտարարությանը, թե զգուշացեք դալաններում, ձեզ չծեծեն: