Աները ուզում է հասկանալ` ինչ է նշանակում ”ոչխարի պես բառաչել”
Հրաչյա Հարությունյանի հարազատները, ում մասնակցությամբ Ռուսաստանում ավտովթար էր տեղի ունեցել և 18 մարդ էր զոհվել, տեղյակ են, որ փորձաքննությունը հաստատել է նրա մեղավորությունը:
” Վաղուց էր հաստատվել, Հրաչյա Հարությունյանն ասել է, որ այդ հարցում մեղավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա կնոջ հայրը` Վիկտոր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանն էլ է խորհուրդ տվել այս հարցում ընդունել մեղքը:
”Ինքը փողոցի մի կողմից անցել է մյուս կողմը, քանի որ տորմուզները ատկազ են արել ու գտել է ազատ տարածք , որ տանի ու մեքենան կանգնեցնի, բայց երբ անցել է մյուս մայթը, այդ ժամանակ ավտոբուսը եկել է ու իներցիայով է կպել”,-բացատրեց Մարտիրոսյանը:
Վերջինս հայտնեց, որ խոսել է Հրաչյա Հարությունյանի հետ: ”Նորմալ վիճակում է, մի քիչ սրտի ցավեր ունի, հարվածից ուժեղ կրծքավանդակին է կպել”:
Հրաչյա Հարությունյանի աները հայտնեց նաև, որ ուզում է հանդիպել ”Վեստիի” թղթակցուհու հետ, ով Հարությունյանի մասին խոսելիս օգտագործել էր ”ոչխարի նման բառաչել” արտահայտությունը: ”Ուզում եմ հասկանամ, եթե մարդ վթարի է ենթրակվում ու տեսնում է, որ դիմացի մարդիկ մահացած են, ինքն անկախ իրանից բղավում է, չէ որ իր մեքենան է բախվել, իսկ նա ասում է ոչխարի նման բառաչում է:
Ուզում եմ հասկանալ, թե ինչու է այդպես արտայատվում”,-ասաց Մարտիրոսյանը: Սակայն ռուս լրագրողը հանդիպելու ցանկություն չունի, իսկ դեսպանատունն էլ հարազատներին ՌԴ գնալ խորհուրդ չի տալիս: ”Դեսպանատունն ու դատապաշտպանները չեն թույլատրում գնալ` ասելով, որ կարող են իրենց վնասել ռուժածների հարազատները: Ասում են` ավելի լավ է դուք մնացեք, երբ որ պետք լինի, ձեզ կասեն”:
Նշենք, որ ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունից հետեւում է, որ վարորդի գործողություններում ճանապարհային երթեւեկության եւ մեքենայի շահագործման կանոնների խախտում է նկատվում: Իսկ դատաբժշկական փորձաքննությունն էլ պարզել է, որ Հարությունյանը վթարից առաջ եւ վթարի պահին գիտակից վիճակում է եղել եւ կառավարել է իր գործողությունները: