Սպառազինությունների հագեցման տեսակետից տարին բավական հաջող էր. ՊՆ (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության կողմից առաջ քաշված ու հաջողություն արձանագրած ծրագրերից նախարար Վիգեն Սարգսյանն առաձնացնում է «Պատիվ ունեմ»-ը և «Ես եմ» -ը. այս մասին նախարարը խոսեց այսօր հրավիրված ասուլիսին:
«Տարին առանձնացավ բացառիկ լայն հանրային քննարկմանբ: Առաջին անգամ էր, որ առաջարկվող քաղաքականությունն այդքան լայն հանրային քննարկում ունեցավ մինչև օրենքի մեջ ներառվելը»,-նշեց նախարարն ու հիշեցրեց, որ ծրագրերը քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի, Աժ խմբակցությունների, երիտասարդական կազակերպությունների, բուհերի ռեկտորների, գործարար շրջանակների, մտավորականների հետ: Այդ քննարկումների ու սոցիոլոգիական հարցումների միջոցով դրական ազդեցություն են ստացել, ապա ծրագրերը ներկայացվել են Կառավարություն, ապա և Ազգային ժողով:
Նախարարը մատնանշեց նաև սոցիալական ապահովության փաթեթը, որտեղ կարևորեց Զոհված և հաշմանդամություն ստացող զինծառայողների հիմնադրամի ստեղծումը: «Այս մեկ տարվա ընթացում հիմնադրամն ապացուցեց իր կենսունակությունն ու այն սկզբունքները, որոնք դնում էինք հիմքում: Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է իրագործել այնպես, որ որևէ լումա չի ծախսվել ու չի ծախսվելու հիմնադրամի աշխատակազմի պահպանման համար, հիմնադրամի աշխատակիցները հիմնականում ԿԲ աշխատակիցներ են, իսկ բոլոր հավաքագրված միջոցները կարելի է տեսնել 1000+.am կայքում»: Նախարարը նաև ասաց, որ առաջիկա օրերին այցելելու է տարվա ընթացքում հիմնադրամի շահառու դարձած ընտանիքներ:
Վիգեն Սարգսյանը նաև կարևորեց զոհված զինծառայողների ու կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրներից որոշների լուծումը՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ ցուցակ է կուտակվել, և այս տարի ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի: Այս ընտանիքները կստանան վկայականներ, որոնցով նոր կառուցվող շենքերում կստանան ամբողջությամբ նոր կառուցվող բնակարաններ:
Երրորդ կարևոր ծրագիրը Երևանի պետական բժշկական համալարսանի ու հասարակական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այսօր այնտեղ կառուցվող գերժամանակակից վերականգնողական կենտրոնն է: «Գերկարևոր խնդիր է սա, որովետև մարդիկ, ովքեր հայրենիքի համար զոհել են իրենց առողջությունը, պետք է պաշտպանված զգան իրենց հասարակության մեջ»:
Նախարարը նաև հայտնեց, որ նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ այս տարի 10 տոկոսով խնայումներ են կատարվել գնումների ոլորտում, և այդ գումարներն ուղղվելու են սպառազինությունների ավելացմանը: Սպառազինություններից խոսելով էլ՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց. «Սպառազինությունների հագեցման տեսակետից տարին բավական հաջող էր և այդպես էլ շարունակվելու է»: