Կասկադում թնդաց հայ ազգային երգն ու պարը․ «Գութան»-ը մեկնարկեց /ֆոտոշարք/
Այսօր երեկոյան Գաֆեսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը։ Կասկադում թնդաց հայ ազգային երգն ու պարը։ Հանդիսատեսները շուրջպար էին բռնել, երգում ու պարում էին միասին։
Փառատոնի հիմնադիր, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ով նաև այսօր ստանձնել էր համերգավարի պարտականությունը, իր խոսքում նշեց՝ ազգային երգն ու պարը պահպանելը, դրանք ապագա սերունդներին փոխանցելը բոլորիս պարտքն է։
«Մեր մշակույթը եկել է դարերի խորքից և այսօր հասել է մեզ։ Մենք պետք է մեր ազգային երգը, պարը, մեր մշակույթը պահպանենք ու փոխանցենք գալիք սերունդներին։ Նայե՛ք, թե որքան երիտասարդներ կան այսօր այստեղ։ Սա նշանակում է, որ մեր մշակույթը պահպանվում է», – նշեց Արսեն Գրիգորյանը։
«Գութան»-ին մասնակցում էին մի շարք երգի-պարի համույթներ, այդ թվում՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), ինչպես նաեւ վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ» համույթները։
«Զարթոնք» համույթում հանդես եկող Դավիթ Սեդրակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ առաջին անգամն է, որ մասնակցում է «Գութան»-ին և շատ տպավորված է։
«Կարծում եմ՝ «Գութան»-ն, իսկապես, մեր մշակույթի պահպանման, մեր ազգային երգն ու պարը պրոպագանդելու հարցում կարևոր առաքելություն է իրականացնում։ Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել՝ մասնակցելու այս փառատոնին», – նշեց Դավիթ Սեդրակյանը։
«Զարթոնք» համույթում հանդես եկող դուդուկահար Շանթ Վիրաբյանն էլ ընդգծեց՝ ազգային երգի-պարի համույթները մեր մշակույթի պահպանության կռվաններից են։
«Մենք պատմական երկիր ու հարուստ մշակույթ ունենք։ Պետք է կարողանանք մեր մշակութային արժեքները անաղարտ պահել և այն դարեդար փոխանցել մյուս սերունդներին», – նշեց Շանթ Վիրաբյանը։
«Գութան»-ը հայ ազգային երգն ու պարը իր հետ կտանի նաև Արցախ․ հիշեցնենք՝ հոկտեմբերի 2–ին փառատոնի մասնակից 8 խումբ կմեկնի ԱՀ՝ յուրաքանչյուր խումբ մի քաղաք, որպեսզի արցախցիները ևս հնարավորթյուն ունենալ վայելել հայ ազգային երգն ու պարը։