Նոր շրջափուլ բանակցային գործընթացում. 2 ուշագրավ հանգամանք կա
Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սեպտեմբերի 23-ին կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեկնարկեց մի նոր շրջափուլ Ղարաբաղյան կարգավորման ընթացքում: «Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն Սարգսյան-Ալիև նոր հանդիպման համար, որ համանախագաները հոկտեմբերին այցելեն տարածաշրջան, ուշագրավ երկու տարր կա, որ համանախագահների հայտարարության մեջ ընդհանրապես չի հիշատակվում՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, դրանց իրակամացման անհրաժեշտության մասին, և հայկական կողմը խնդիր ունի այդ հարցերը վերադարձնել օրակարգ նախագահների հանդիպումից առաջ, քանի որ այդ հարցում Բաքուն և Մոսկվան Հայաստանի դաշնակիցը չեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Մեհրաբյանը նշեց, որ հանդիպմանը նախապատրաստվելու մասին պայմանավորվածությունը կա, բայց տեղի մասին չի նշվել, իսկ եթե տեղը չկա, պետք է ակնկալել, որ Բաքուն և Մոսկվան ջանք ու եռանդ չեն խնայի, որ փորձեն այս շրջափուլում բանակցային գործընթացը դառնել ռուսական հարթակ: «Ռուսական կողմի բանակցությունները դրական բան չեն տվել հայկական կողմին ու չեն տալու»,-նկատեց նա: Վերջինս ընդգծեց, որ այս նոր բանակցային շրջանին որպես ֆոն հանդես են գալիս այն իրադարձությունները, որոնք ընթանում են Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Իրաքյան Քրդաստանում և Հյուսիսային Կորեայի հետ կապված իրադարձությունները: «Սա ֆոն է, քանի որ այնտեղ հատվում են Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առնվազն 2-ի շահերը:
Պաշտոնական Երևանին առաջին անհրաժեշտ է ամուր թիկունք, իսկ այս պարագայում դա ներքաղաքական կայունությունն է, երկրորդ՝ ներքաղաքական հնարավոր լարումների կարգավորման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու հանրության և պետության շահերին բացառապես, այլ ոչ թե հատվածային, կուսակցական կամ անձնական»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք քաղաքական կյանքում լարումների հավանականություն կա, Ռ. Մեհրաբյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական համակարգում ներքին լարումներ լինում են, խնդիրն այն է, թե ինչ ռեակցիա է տալիս համակարգը դրան, նույնիսկ ինչ-որ տեղ անհրաժեշտ ու անխուսափելի են այդ լարումները»: