Գնդակը մտել է ծնոտը, թիկունքով ներքև իջել . հրաշքով փրկված զինվորը /տեսանյութ/
Ավետիս Զարգարյանը անցել է դաժան փորձության միջով: Ապրիլյան պատերազմը խեղեց Ավետիսի երազանքները, բայց նա կարողացավ հաղթահարել և կամաց-կամաց դուրս է գալիս ծանր մղձավանջի միջից:
Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները վստահ չէին, թե Ավետիսը կապրի, բայց պայքարում էին նրան փրկելու համար: Ավետիսը մեկ ամսից ավելի միացված էր արհեստական շնչառության ապարատին: Նա երեք անգամ վիրահատվել է:
Նոր էր վերադարձել հերթապահությունից ու ապրիլի 2-ին նորից բարձրացավ դիրքեր: Պատերազմ էր…:
«Դեռ էլի վրահատություններ պետք է տանեմ, բայց հավատում եմ, որ ամեն բան լավ կլինի ու ես կքայլեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսը: Ավետիսը բոլոր զնծառայողներին բարի տունդարձ է մաղթում: Հպարտ է իր բաժին լուման ունեցավ Արցախի պաշտպանության գործում:
Նշենք նաև, որ Ավետիսի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից է: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են հայրենի գյուղից և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
Աշխատելու նպատակով մի քանի տարի առաջ ընտանիքը մեկնել էր Ռուսաստան: Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են Վարդենիսի տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքն ու ընտանիքով վերադարձել Հայաստան: Այսօր նրանք բնակվում են Երևանում՝ վարձակալած բնակարանում: Զարգարյանները չեն աշխատում, նրանք չեն էլ կարող աշխատել, քանի որ որդին ամեն վայրկյան նրանց կարիքն ունի, շարժվում է միայն ծնողների օգնությամբ: