Ի՞նչ վիճակում է Լևոն Հայրապետյանը /տեսանյութ/
«Լևոն Հայրապետյանի մասին իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ մի քանի ամիս է մնացել, որ նա վերջնականապես ազատության մեջ լինի: Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ծանր է և նա բանտում չի կարող երկար դիմանալ:Իմ տեղեկությամբ հնարավոր է կրկին կիրառվի տնային կալանքի տարբերակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը, ով բազաթիվ անգամ բողոքի ակցիաներ է կազմակերպել ի պաշտպանություն ռուսաստանաբնակ բարերար, ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի:
Իրավապաշտպանի խոսքով՝ նրա բարերարությամբ կառուցված դպրոցների աշակերտները սրտատրոփ սպասում են նրա վերադարձին:
«Բոլորը համոզված են, որ Հայրապետյանը շուտով ազատության մեջ կլինի, քանի որ նախաքննական մարմինները մեղքի ապացույցը այդպես էլ չեն տրամադրել դատարանին»,-նշեց Հայկազ Մակարյանը:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ նա փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ՝ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել՝ նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու համար: Սակայն դատավճռի վրա ազդել նրան չի հաջողվել:
Իզմեստեւը մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվել է ցմահ բանտարկության: Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին՝ Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո: Գործարարը մեղադրվում է նաեւ Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների գույքի լեգալացման գործով, որը ստացվել է հանցավոր ճանապարհով: Հայրապետյանն այժմ ստորագրություն է տվել՝ երկրից չբացակայելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: