Համանախագահները մեր «գեղեցիկ աչքերի» համար չեն հայտարարություններ անում. Նալբանդյան
Ադրբեջանի ԶՈւ–ին բնորոշ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը. «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարցերից մեկը վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և այդ հարցը բարձրացվում է ոչ միայն հրապարակային հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ռուսաստանի մոտեցումները վնաս են հասցնում Հայաստանին և դնում մեկուսացման մեջ, նախարարը կոչ արեց ծանոթանալ ՀՀ Նախագահի հայտարարություններին:
«Չկա մի կոնֆլիկտ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այդքան մանրամասնորեն համաձայն լինեն, թե ինչպես պետք է այդ կոնֆլիկտը լուծվի, և նրանց միացել է Ֆրանսիան»-ասաց նա և նկատեց, որ ԵԱՀԿ-ն կոնսենսուսով է որոշում ընդունում, և համանախագահները մեր «գեղեցիկ աչքերի» համար չեն հայտարարություններ, առաջարկություններ անում:
Նախարարը հիշեցրել է, որ 2016–ի ապրիլին ադրբեջանցի զինվորական հանցագործները սպանել եւ խոշտանգել էին տարեց մարդկանց, դպրոցի բակում սպանել երեխայի, իսկ տեսախցիկների առաջ էլ գլխատել հայ զինծառայողների։
Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է խաթարել բանակցային գործընթացը: «Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին, չի հարգում պայմանավորվածությունները»,-ասաց նա և նշեց, որ համանախագահների հասցեական հայտարարություններն ուղղված են Ադրբեջանին ուշքի բերելուն: