26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմնազուրկ են պնդումները, թե մենք ինչ-որ բան զիջելու ենք. Մարգարիտ Եսայան

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին:

“Մինչեւ տարեվերջ,ըստ ամենայնի, հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները`շուրջ  երկու տարի նրանք չէին հանդիպում,  այդ ընթացքը զուգադիպեց նախ՝ Ադրբեջանի սաֆարովյան խայտառակության, ապա՝  Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ հանգուցալուծումը հնարավոր է մոտեցնել, Օբաման էլ վերջերս խոսեց “պատմական շանսի” մասին: Չգիտեմ, թե հանդիպման օրակարգում  ինչ հարցեր են լինելու, բայց համոզված եմ մեր նախագահը, ինչպես միշտ,  իրեն կպահի որպես հաղթած կողմի նախագահ, մենք մերն ասել ենք  եւ արել:

Այնուամենայնիվ, որոշ հարցերի մասին:

Նախ` 1994-ին կնքվել է զինադադար, որ ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը: Կրկնում եմ` զինադադար, իսկ ադրբեջանական կողմից անընդհատ կրակոցներ են հնչում` հարուցելով հայկական կողմի պատասխանը եւ այդ իրարահաջորդումի մեջ արդեն կորչում է` ո՞վ էր առաջին կրակողը: Այդպես զոհվում են նաեւ մեր զինվորները: Պետք է դադարեցնել, զինադադարի խախտումները:

Երկրորդ`  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կրկին հարկ կա բացատրել, որ եթե նույնիսկ  Լուսնի վրա զենքի կուտակումներ անի, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից,  էլ չգիտեմ որ երկրից ժամանակակից հարձակողական զինտեխնիկա գնի, միեւնույն է, Ղարաբաղի հարցը պատերազմով չի լուծվելու: Ղարաբաղի հարցը գործնականում վաղուց լուծված է` ապացույցը ԼՂՀ-ն: Գլոբալացվող աշխարհը մերժում է զենքը եւ հակամարտությունների կարգավորման համար առաջարկում  բանակցություններ ու նորից բանակցություններ:

 Ներքին ու արտաքին օգտագործման քարոզչանյութերը տարբերելով հանդերձ` գտնում եմ, որ երրորդ անգամ նախագահ դարձած Իլհամ Ալիեւը պետք է վերջապես փորձի սթափ ու կառուցողական հայացքով  գնահատել իր երկրի վիճակը  եւ դադարեցնի հայատյացության դրսեւորումները:  

Եվ երրորդ` պատահաբար չհիշեցի զինադադարի համաձայնագիրը, որ ստորագրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը: Առաջ  քայլ անելու համար բանակցությունների սեղանի շուրջ  պիտի վերադառնա Ստեփանակերտը: Գաղտնիք չէ,որ Ադրբեջանն ու  Թուրքիան  նախապայմաններ առաջադրելով  հայտարարում են, որ կողմ են առանց նախապայմանների հարաբերությունների ու քննարկումների: Գուցե ժամանա՞կն է, որ մենք էլ նախապայման ունենանք` կողմ լինելով առանց նախապայմանների քննարկումների ու հարաբերությունների:

Ալիեւ կրտսերը  երրորդ անգամ եւս  որպես նախագահ իր առաջին այցը կատարելու է ոչ թե որեւէ այլ երկիր,այլ՝հենց   Թուրքիա:

Նաեւ՝ չորրորդ պայմանը՝ Թուրքիան   պարտավոր է քիթը չխոթել  ոչ Արցախի եւ ոչ էլ Հայաստանի  գործերի մեջ, մանավանդ,չկա այնպիսի քիթ, որին հարվածելը լինի անհնարին:

Ի դեպ՝այսօր մեր երկրի նախագահը գտնվում է Արցախում՝ հանդիպումներ ունենալով առաջին գիծը պահող մեր զինվորների եւ հրամանատարների հետ:

Եվ  հիմնազուրկ  են պնդումները, թե մենք ինչ-որ բան զիջելու ենք:

Մենք մերն ասել ենք  եւ վերջ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ