Սկանդալային վկայություն ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին. Հայկական Ժամանակ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:
Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սաղրի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նիստը սկսվելուն պես դատավորը հրապարակեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդության որոշումը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարակ հայտնելու վերաբերյալ: Դատարանն այսպիսով որոշեց մերժել Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը:
Նշենք, որ նիստին չէին ներկայացել գործով վկաներն եւ 36 տուժող ոստիկանները: Դատական նսիտերի դահլիճում էին այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Դատարանը ճշտեց Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը:Ի պատասխան դատավորի հարցերի, Ղուկասյանն ասաց, որ երեք երեխա ունի, մեկը՝ անչափահաս. ֆիզիկապես առողջ է: Նա ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում: Դատարանը Ղուկասյանին ծանոթացրեց իր իրավունքների եւ պարտականությունների մասին:
Ոստիկանության միջնորդության հիմքում սուտ եւ անհեթեթ տեղեկություններ են: Ես երբեւէ զանգվածային անկարգություններ չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի,Վիկտոր Դավթյանի եւ Քերոբ Ղազարյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարները չեմ ունեցել, նրանց հետ չեմ զրուցել: Բացի այդ հանրավքեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին. Հունան Պողոսյանի կողմից միջնորդություն ներկայացնելուց կես տարի առաջ: Սուտ տեղեկությունների հիման վրա իմ հանդեպ հարուցվել է կեղծ քրեական գործ, որի ընթացքն անգամ ինձ հայտնի չէ: Ոստիկանությունն անօրինական վերահսկողություն է սահմանել իմ անձնական եւ քաղաքական կյանքի եւ գործունեության հանդեպ»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գործում առկա նյութերը հետազոտելուց հետո միայն:
Նման դիրքորոշման էր նաեւ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը. ուստի Ղուկասյանի այս միջնորդությունը դատարանն այս փուլում քննության չառավ:
Միջնորդություն ներկայացրեց նաեւ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ հեռախոսազանգերի գաղտնալսումները պահանջելու մասին միջնորդություն ներկայացրեց, որը գործի նախաքննության ժամանակ մերժել էր քննիչը:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ համապատասխան մարմնից պահանջելով բոլոր հեռախոսային խոսակցությունները: Դրանք ծանոթանալուց հետո ապացույցների հետազոտման փուլում կներկայցվեն կողմերին:
Նրա հաջորդ միջնորդությունը նոր վկա՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին էր: Որպես միջնորդության հիմնավորում Ղուկասյանը նշեց հետեւյալը. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին:
Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեւանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»:
Դատարանը սակայն մերժեց Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց: