«Ադրբեջանը հենց դրա համար է զենքեր գնում ու հայատյացություն սերմանում»
«Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոփոխվում, որ դժվար է ասել, թե ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առաջիկայում ինչ հարաբերություններ կունենան, ու, ըստ այդմ, դժվար է ասել՝ որոշ ժամանակ հետո ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կունենա՞ն նույն դիրքորոշումը՝ արցախյան հարցի վերաբերյալ: Հասարակությունն ուզում է Ադրբեջանի և հայկական կողմի պաշտոնատար անձանց հանդիպումներից տեղաշարժ տեսնել, բայց այդ նույն հասարակությունը պետք է ասի՝ ինչ փոփոխություն է ուզում տեսնել: Մենք պետք է մեր ցանկությունները ձևակերպենք, հետո դնենք պարոն Նալբանդյանի առաջ, ասենք՝ ա՛յ սա ենք ուզում տեսնել: Հետո քննարկումներ կլինեն, պարոն Նալբանդյանն էլ կհասկանա՝ ինչ անել, ինչպես անել… Այսօր մեր խաղաղապահը մեր հայ զինվորն է: Մենք պետք է անենք այնպես, որ մեր այս ինքնավստահությունը չկորցնենք, և թշնամին պիտի իմանա՝ մենք պատերազմից չենք վախենում», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Անդրադառնալով այս թեմային՝ Թևան Պողոսյանը շեշտեց. «Պարոն Նալբանդյանը պետք է փորձի ինչ-որ հստակ քայլերի գնալ՝ վստահության մեխանիզմները ներդնելուց ու պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցերից սկսած: Միգուցե, դիտորդական առաքելության ընդլայնում լինի… չգիտեմ, բայց ինչ-որ հստակ տեղաշարժ է մեզ պետք:
Բայց, մի բան հաստատ է. կարծում եմ՝ ամբողջ աշխարհն էլ գիտի արցախցիների տեսակետը. արցախցիները գիտեն իրենց իրավունքների մասին, պատերազմից չեն վախենում: Այլընտրանք չկա. պետք է խաղաղ բանակցություններ լինեն: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց՝ մենք կարող ենք մեզ պաշտպանել, իսկ եթե հանկարծ թուլանանք ու թշնամին զգա, որ հայկական կողմը վախենում է պատերազմից, նա դիմելու է ռազմական գործողությունների: Ադրբեջանը հենց դրա համար է զենքեր գնում ու հայատյացություն սերմանում: Այնպես որ, պիտի չթուլանանք», – նշեց Թևան Պողոսյանը: