«Այն ժամանակ երևի Ադրբեջանն այդ ճնշումներին նույն ձևով չի դիմացել»
ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու որոշմանն այսօր զուգահեռներ են տարվում Ադրբեջանի մասնակցությունը: Փորձագետներից ոմանք ասում են, որ Հայաստանը չի մասնակցում, քանի որ Ադրբեջանն է մասնակցում: Մեկ այլ խումբ էլ, որ կարծում է, որ ռուսական ճնշման պատճառով է կայացվել նման որոշումն, ընդգծում է, որ Ադրբեջանը կարողանում է մասնակցել՝ Ռուսաստանին արհամարհելով:
Henaran.am-ի հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն էլ անցածին չի մասնակցել: «Հրաժարվել է, այն ժամանակ ճնշման ալիքն ուրիշ տեղ է եղել, երևի Ադրբեջանն այդ ճնշումներին նույն ձևով չի դիմացել ու որոշել է չմասնակցել և դրանով մի բան վաճառի կամ Ռուսաստանից ինչ-որ բան ստանա, այսօրվա դրությամբ, փաստորեն, անցած մեկ ամսվա շրջանակներում ունեցել ենք դեպք, երբ Ադրբեջանը չի մասնակցել, և Հայաստանը չի մասնակցում»:
Այստեղ կարևորն, ըստ Թևան Պողոսյանի, ամենևին էլ այն չէ, թե Ադրբեջանը մասնակցում է, թե ոչ, ուղղակի Հայաստանն իր շանսը չպիտի կորցներ: «Մեր հարևան երկրում՝ Վրաստանում, մենք պիտի մասնակցեինք, այս շանսը չկորցնեինք, այս զորավարժությամբ կարող էինք ավելին սովորել: «Բացի այդ սա մեծ վնաս էր մեր իմիջին»,-նկատեց նա: