Հայաստանը պաշտոնապես չի հայտնել վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելու մասին. Վրաստանի ՊՆ. tert.am
Հայաստանը Վրաստանին պաշտոնապես չի հայտնել, թե ինչու է վերջին պահին հրաժարվելմասնակցել Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան։
Նշենք, որ զորավարժությունն անցկացվում է վրաց-ամերիկյան, ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով:
Հարցին՝ իսկ մասնակցության մասին Հայաստանը պաշտոնապես հայտնել է, Կաջարավան պատասխանել է, որ պաշտոնապես մասնակցության մասին չէ խոսքը։
«Սա դասընթաց է, որին Հայաստանը ևս մասնակցելու էր պլանավորվածի համաձայն։ Սակայն զորավարժությունների սկսելու վերջին պահին հայտնել է զորավարժություններին չմասնակցելու մասին: Պատճառը մեզ համար հայտնի չէ, Վրաստանը Հայաստանի ՊՆ-ից չմասնակցելու մասին պաշտոնական պատասխան չի ստացել»,-հայտնեցին Վրաստանի ՊՆ-ից՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ:
Նշենք, որ «Agile Spirit»-ն անցկացվում է 2011 թվականից. ի սկզբանե մասնակցել են միայն ԱՄՆ-ն և Վրաստանը: 2015 թվականից միացել են Բուլղարիան, Ռումինիան: 2016 թվականին մասնակցել են Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Լիտվան: Այս տարի մասնակցում են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի զորախմբերը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: