ԵԱՏՄ-ի հարցով «ԵԼՔ»-ում անհամաձայնություն չկա՞
Եվասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն է բարձրաձայնել դեռ մեկ ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռուսաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով հայաստանյան վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատելն անհնար դարձավ:
Այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին, նույնիսկ տեսակետ կա, որ «Ելք»-ում հստակ դիրքորոշում չկա այս հարցի վերաբերյալ: Հայտնի է, որ «Հանրապետություն» կուսակցությունը ևս կողմ է այս դիրքորոշմանը՝ լինելով ավելի շատ արևմտամետ, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» պարագան փոքր-ինչ այլ է:
Ամեն դեպքում դաշինքի ներկայացուցիչները վստահեցնում են, թե իրենց մոտ այս հարցում անհամաձայնություն չկա: Henaran.am-ի հետ զրույցում դաշինքի խոսնակ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ դաշինքը երբ վերջնականապես կհայտնի իր դիրքորոշումը, այն վերջնական կլինի ու կներկայացնի դաշինքի մաս կազմող 3 քաղաքական ուժերի միասնական տեսակետը: «Դաշինքում կա համաձայնեցված դիրքորոշում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ, և դա ամրագրված է Ազգային ժողովի ընտրությունների մեր նախընտրական ծրագրում, որտեղ գրված է, որ «Ելք» դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման»,-մեզ փոխանցեց Տիգրան Ավինյանը:
Հարցին, թե Ազգային ժողովի առաջիկա նիստին (սեպտեմբերի 11-ին է մեկնարկում-հեղ.) կբարձրացնեն այս հարցը, նա պատասխանեց, որ այս հարցը դեռևս որոշված չէ: Խնդիրն, ըստ Ավինյանի, այն է, որ սա կարևոր գործընթաց է, պետք է հասկանան, թե ինչ ընթացակարգով է լինելու:
«ԵԱՏՄ մտնելու հարց չենք ունեցել չորսը տարի մեր օրակարգում, և մեկ գիշերում ունեցել ենք օրակարգում և միանգամից մտել ենք: Չորսը տարի մեզ ասում էին, որ դա մեզ պետք չի, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի և այլն․․․ մեկ գիշերում ամբողջ այդ տրամաբանությունը փոխվեց, և մենք հայտնվեցինք ԵԱՏՄ-ում: Հետևապես, կարծում եմ, որ չի կարող լինել մի բանի քննարկումը կեղծ օրակարգ, որը տեղի է ունեցել մի օրում»,-եզրափակեց նա: