Տգեղ է, տգեղ… Շարմազանովը՝ Փաշինյանին /վիդեո/
՛՛Ինձ համար առնվազն տարօրինակ ու անընդունելի է, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ վախենալով կորցնել իրենց ընդդիմադիր դիվիդենտները՝ համարձակություն չեն ունենում իրականությունը բարձրաձայն ասելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանին, և վերջինս նրան պատմել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել է:
՛՛Իրականությունն այն է, որ պետք է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր նորմալ քաղաքական գործիչ կամ քաղաքացի դատապարտի փայտերով, ձողերով, բռնության կոչերով երթի իրականացումը՝ անկախ նրանից, թե ինչ նպատակ դա ունի, որովհետև դա օրենքի սահմաններում չէ՛՛:
Իսկ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ փոխնախագահին տարօրինակ է թվում: ՛՛Որովհետև մամուլից ծանոթացել եմ, որ ՄԻՊ-ից դիտորդական խումբ է եղել այնտեղ, պաշտպաններ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ու բոլորը միաբերան պնդում են, որ բոլոր ձերբակալվածների իրավունքները նորմալ պահպանվում են: Ավելին, որոշ ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին, շտապեցին սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներին հայտարարել, որ իրավապահները նորմալ են վերաբերվում իրենց հետ՛՛:
Շարմազանովը չի կարծում, որ պետք է տուրք տալ ամեն գնով իշխանություններին քննադատելու մոլուցքին, և գնալ այդ ճանապարհով: ՛՛Տգեղ է, շատ տգեղ, իշխանությունն այնքան քննադատելու տեղ ունի, որ կարելի է քննադատել, բայց ամեն գնով քննադատել ու վարկաբեկել ոստիկանությանը, իշխանություններին, պետական մարմիններին, ճիշտ ճանապարհ չէ, տգեղ է՛՛: