28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես պատասխանատու եմ իմ արած ամեն քայլի համար, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված է. Սամվել Բաբայանը՝ « Իգլա»-ի գործով նիստին

tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Դատախազ Արամ Արամյանն այսօր ներկայացրեց ամբաստանյալ Սամվել Բաբայանի մեղադրանքը, համաձայն որի՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը, նյութապես շահագրգռելով Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին փնտրել, ապօրինի կերպով  ձեռք բերել  զենիթահրթիռային համալիր՝ խոստացել է դրա դիմաց վճարել 50 000 դոլար: Սանասար Գաբրիելյանը հանցավոր մտադրությունը իրականացնելու համար դիմել է Արմեն Պողոսյանին և Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանին՝ խոստանալով տրամադրել նախապես խոստացված գումարը: Ըստ ձեռք բերված նախնական համաձայնության՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Սանասար Գաբրիելյանը, Հրաչյա Մայիլյանն ու Արմեն Պողոսյանը 2016 սեպտեմբերի 1-ին մեկնել են Վրաստան և փորձել են գտնել պահանջվող զենիթահրթիռային համալիրը:

Այնուհետ, այդ նպատակով նրանք պարբերաբար և առանձին-առանձին մեկնել են Վրաստան: Վրաստան հերթական այցելության ժամանակ Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը 2017 թվականի փետրվարի 22-ին հանցավոր համաձայնության են եկել ՀՀ քաղաքացի, վերջին մի քանի տարիներին Վրաստանում բնակվող Ռոբերտ Ավագյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել 38 000 դոլարի դիմաց  տրամադրել պահանջվող զենիթահրթիռային համալիրը և 2017 թվականին Հրաչյա Մայիլյանին հնարավորություն է ընձեռվել Հայաստանի տարածքում նկարահանել համալիրը՝ պատվիրատուին ցույց տալու համար: Իր հերթին դա Հրաչյա Մայիլյանը տեղափոխել է Վաղարշապատ և պահել այնտեղ, կրկին նկարել է այն՝ պատվիրատու Սամվել Բաբայանին ցույց տալու համար:

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ այսօր դատարանում նշեց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, երկրորդ՝ մեզ մեղադրում են, ասում են՝ դու Վրաստանից զենք ես տեղափոխել, հեռուստատեսությամբ մի շաբաթ ժողովրդին ներկայացրին, հետո կարճում են, ասում են նման բան չի եղել: Բա որտեղից է եղել… Ասում են՝ մարդը բերել, հանձնել է, բա ո՞ւր է այդ մարդը: Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար, բացատրություններ էլ ունեմ տված և կտամ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված, մտածված մեղադրանք է, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանելու, ոչ մի հարցից չեմ խուսափում: Փորձագիտական եզրակացություն կա գումարի մասով, որ կարող է բերել է, կարող է գողացել է, ինչու եք վերցնում հենց գողանալը: Փորձագետին բերեք թող ասի»:

Ի պատասխան Բաբայանի՝ դատավորն ասաց, որ նրան այդ հնարավորությունը կընձեռվի:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Ամբաստանյալներ Դավիթ Հարությունյանն ու Ժորա Զաքարյանը դիրքորոշում չհայտնեցին, իրենց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Անդրանիկ և Կարեն Քոչարյանները չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Մեղադրյալներից Արմեն Պողոսյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ չի ցանկանում դիրքորոշում հայտնել, իսկ Սանասար Գաբրիելյանն ասաց, որ մեղադրանքը հասկանալի չէ:

«Մեղադրողն ավարտե՞ց. եթե ավարտել է, ապա այնտեղ էլի բան կա, մեղադրանքի մեջ էլի բան կա՝ երկնքից ընկնում է երեք խնձոր…»,- ասաց Գաբրիելյանը:

Դատավորի հարցին, թե առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Գաբրիելյանը պատասխանեց՝ երբեք:

Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով անցնում է յոթ ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ