Երաշտ է. Հրաչ Բերբերյանը ահազանգում է

«Գյուղատնտեսությունում ծանր վիճակ է, արդեն երաշտ ունենք»,- այսօր` օգստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Ծանր վիճակ է բոլոր մարզերում, հատկապես՝ Շիրակում, Տավուշում: Այս պայմաններում կարտոֆիլը կրկնակի ջուր է պահանջում ոռոգման համար, քանի որ անմիջապես գոլորշիանում է ոռոգման ջուրը և ազդում է բերքի վրա: Հիմա արդեն մեկի փոխարեն պետք է կրկնակի ջրել և հարկավոր է դիմել ոռոգման այլընտրանքային տարբերակի»,- Հայտնեց Հրաչ Բերբերյանը:
«Մենք դիմել ենք հանրապետության նախագահին, որ համապատասխան հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի՝ թե ինչու ջրամբաջրամբարները չեն մաքրվում ջուրը լավ չի կուտակվում: Վերջին հինգ տարին ցույց է տալիս, որ չնայած ծախսված հսկայական գումարներին, ոչինչ չի արվում այս հարցի հետ կապված: Ջրամբարների 30 տոկոսը տիղմի տակ է, ձագարները լրիվ խցանված…»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահի կարծիքով՝ կաթիլային համակարգը դեռ բարեփոխում չէ. «Ստացվում է՝ էշ մի սատկի՝ գարուն կգա: Գյուղացին կաթիլային համակարգ կունենա: ՋՐԱՌ-ը ջուրը միայն վաճառում է ՋՈ-երին: Հիմա գյուղացին ուզած-չուզած ՋՈ-ի անդամ է դառնում ու դրամ միջոցով է ոռոգումը կատարում: Բայց կառավարությունը օգնությունը պետք է ոչ թե ՋՈ-երին տա, այլ հենց գյուղացուն, ֆերմերին: Ֆերմերը պայմանագիրը կնքի ոչ թե ՋՈ-երի հետ, այլ անմիջապես ՋՐԱՌ-ի և այդ դեպքում ավելի քիչ ծախս կանի»: