Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ-ի զինուժի Գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությանը: Վերջինս մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնման բանակցությունների առնչությամբ:
Ըստ թուրքական «Sabah» պարբերականի՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ չի կիսում ԱՄՆ-ի մտահոգությունները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«Որը կողմը ապահովի այդ անվտանգությունը, այդ կողմ էլ քայլերը կուղղվեն: Մենք մի քանի անգամ ԱՄՆ-ի հետ սա քննարկել ենք»,- հայտնել է Էրդողանը՝ նշելով, որ քանի որ ԱՄՆ-ի հետ չեն կարողացել համաձայնության գալ, ստիպված S-400-ներ գնելու համար բանակցություններ են սկսել Ռուսաստանի հետ:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները շարունակում են S-400-ների գնման համար բանակցություններ վարել, և վստահեցրել է, որ Թուրքիան հաստատակամ է իր որոշման մեջ:
«Մենք կնախընտրեք այն կողմը, որի հետ կարող ենք համատեղ արտադրության իրականացնել: Սա մեզ համար շատ կարևոր է»,-հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նաև ցանկություն էր հայտնել՝ Ռուսաստանի հետ համատեղ զբաղվել «S-400»-ի արտադրությամբ: