Անհեթեթ խոսելու փոխարեն ձեզ նեղություն տվեք ու կարդացեք Նժդեհ. Շարմազանով
«Այո, ևս մեկ անգամ կրկնում եմ և արձանագրում եմ փաստը, այսօր Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին այլընտրանք չունի: Ավելին, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին բխում է ՀՀ ազգային և պետական շահերից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով քննադատությանը, որն ուղղված էր իր վերջին օրերի հայտարարությունը: Շարմազանովն ասել էր, թե Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին այլընտրանք չունի:
Հենց սա էլ քննադատության է արժանացել որոշակի շրջանակների կողմից և մեղադրանքներ են նույնիսկ հնչում, որ Շարմազանովը պաշտպանում է այդ կառույցների շահերը, թե հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է, ինչն էլ անարգում է Նժդեհի հիշատակը:
«Քաղաքական ավանտյուրիստներին կոչ եմ անում ձեռքները հեռու պահել Նժդեհից և իրենց կասկածելի, խմբակային խաղերի մեջ չմտցնել ու չխաղարկել Նժդեհի անունը: Իսկ մեր հանրության համար ասեմ, որ Նժդեհը հայ-ռուսական հարաբերություններին ընդդիմադիր չի եղել, նա այդ հարաբերությունների զարգացման կողմնակից է եղել: Եթե իմ խոսքերը բավարար չեն, ապա ներկայացնեմ փաստեր, մեջբերեմ «Հատընտիրը», որտեղ կկարդաք հետևյալ միտքը: «Ցեղակրոնի բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է, հեղինակ` Գարեգին Նժդեհ, «Հատընտիր»,. «Ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը» հոդված, էջ 478»,-բացատրեց ԱԺ փոխնախագահը, ապա հորդորեց. «Անհեթեթ խոսելու փոխարեն ձեզ նեղություն տվեք ու կարդացեք Նժդեհ»: