Տարոն Մարգարյանին շնորհվել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը:
Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կազմակերպված մշակութային միջոցառման շրջանակում ներկայացվել է Ճարտարի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին: Տոնական միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով: Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտար քաղաքի զարգացման գործում ներդրած ջանքերի համար Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի և Արցախի Ճարտար քաղաքի միջև ձևավորված համագործակցությունը հետզհետե էլ ավելի կամրապնդվի ու կընդլայնվի` ապահովելով շարունակական զարգացում:
Երևան և Ճարտար քաղաքների միջև արդյունավետ համագործակցության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Տոնական միջոցառման ժամանակ Արթուր Աղաբեկյանը Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նաև Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանին: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն էլ արժանացել է Ճարտարի քաղաքապետի շնորհակալագրի:
Հարկ է նշել, որ տոնի առիթով Երևանից Ճարտար են ժամանել նաև երգիչներ և պարային խմբեր, ովքեր «Ողջունում է Երևանը» խորագրով համերգային ծրագրով կշնորհավորեն ճարտարցիներին:
Ճարտարի օրվան նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ ուշ երեկո: