Հուլիսի 6-ից մինչև 12-ը երկրաշարժերը
Ս.թ. հուլիսի 6-ից մինչև 12-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 18-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝
- հուլիսի 7-ին, ժամը 00:08-ին, M=1.6, Գյումրի քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք,
- հուլիսի 7-ին, ժամը 03:40-ին, M=2.4, Եղեգնաձոր քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
- հուլիսի 12-ին, ժամը 14:20-ին, M=2.3, Սպիտակ քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
- հուլիսի 12-ին, ժամը 14:33-ին, M=1.9, Սպիտակ քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ, որից վեցը Թուրքիայի տարածքում: Հուլիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (2.8 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Սարիղամիշ քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, որին հաջորդ օրը հետևել է 4 բալ (3.1 մագնիտուդ) ուժգնությամբ երկրորդ ցնցումը: Հուլիսի 8-ից 9-ը 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5, 3.5 և 2.8) երեք ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վան քաղաքին հարող տարածքում: Հուլիսի 10-ին գրանցված 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հորասան քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևելք: Հուլիսի 6-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 5 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 7-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է գրանցվել Վրաստան–Թուրքիա սահմանային գոտում, որի էպիկենտրոնը գտնվում է Ախալցխա քաղաքից 42 կմ դեպի հարավ-արևմուտք: Հուլիսի 12-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Աղստաֆա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հուլիսի 6-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Կանհանդուան քաղաքից 4 կմ դեպի հարավ-արևելք, իսկ հուլիսի 11-ին՝ 6.6 մագնիտուդով Նոր Զելանդիայի Հարավային կղզուց դեպի հարավ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: