Եվրամիությունը վատնում է մեր ժամանակը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անգլիական BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Եվրամիությանը (ԵՄ) մեղադրել է զուր տեղը Թուրքիայի ժամանակը վատնելու մեջ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոսքերին: Եթե ԵՄ-ը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք և կանցնենք մեր «B» և «C» պլաններին»:
Թուրքիայի նախագահը, հիշեցնելով, որ իր վարչապետության առաջին շրջանում ԵՄ առաջնորդների գագաթաժողովում իրենց իրկիրը ներկայացվում էր, որպես անձայն հեղափոխություն իրականացրած երկիր, ասել է. «Այժմ ԵՄ-ը չի բավարարվում նույնիսկ մեզ այդ գագաթաժողովներին չհրավիրելով ու զուր տեղը վատնում է մեր ժամանակը: Ներկայիս վիճակը սա է»:
Էրդողանն ավելացրել է նաև, որ թուրքերի մեծամասնությունն արդեն չի ցանկանում ԵՄ-ին անդամակցությունը, քանի որ մտածում է, որ կառույցը անկեղծ չէ Թուրքիայի հետ հարաբերություններում:
«Չնայած դրան՝ մենք մի որոշ ժամակ ևս կշարունակենք ԵՄ-ի հետ անկեղծ հարաբերությունները: Տեսնենք, թե դա ինչ կտա մեզ»,- ասել է Թուրքիայի նախագահը: